Bible

Upgrade

Your Church Presentations in Minutes

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Chronicles 17

:
Armenian - 2018
1 Երբ Դավիթը բնակվեց իր տանը, նա ասաց Նաթան մարգարեին. «Ահա ես բնակվում եմ եղևնափայտե տան մեջ, իսկ Տիրոջ ուխտի տապանակը վրանի տակ է»։
2 Նաթանն ասաց Դավթին. «Արա՛ այն ամենը, ինչ կա սրտումդ, որովհետև Աստված քեզ հետ է»։
3 Նույն գիշերը Տերը խոսեց Նաթանի հետ՝ ասելով.
4 «Գնա՛ և ասա՛ իմ ծառա Դավթին. “Տերն այսպես է ասում. "Դու ինձ համար բնակվելու տուն չես շինի,
5 որովհետև Իսրայելի որդիներին Եգիպտոսից իմ հանելու օրվանից մինչև այսօր տան մեջ չեմ բնակվել, այլ գնացել եմ վրանից վրան և խորանից խորան։
6 Ինչքան տեղ որ ման եմ եկել Իսրայելի բոլոր որդիների հետ, մի՞թե մի խոսք ուղղել եմ Իսրայելի դատավորներից որևէ մեկին, որոնց հրամայել էի հովվել Իսրայելի իմ ժողովրդին, ասելով. "Ինչո՞ւ ինձ համար եղևնափայտե տուն չշինեցիք"”։
7 Եվ հիմա այսպե՛ս ասա իմ ծառա Դավթին. “Այսպես է ասում Զորությունների Տերը. "Ես քեզ վերցրի փարախից՝ ոչխարների ետևից, որպեսզի Իսրայելի իմ ժողովրդին առաջնորդ լինես։
8 Ուր որ գնում էիր, ես քեզ հետ էի և կոտորեցի քո բոլոր թշնամիներին քո առաջից և երկրիս վրա եղած մեծերի անվան պես կմեծացնեմ քո անունը։
9 Իսրայելի իմ ժողովրդի համար մի տեղ պիտի որոշեմ և նրան հաստատեմ այնտեղ. նա բնակվում է իր տեղում և այլևս չպիտի շարժվի. անիրավության որդիները առաջվա նման այլևս չպիտի տանջեն նրան,
10 ինչպես այդ եղել է այն օրվանից, երբ Իսրայելի իմ ժողովրդի վրա դատավորներ էի դրել։ Ես նվաճելու եմ քո բոլոր թշնամիներին և քեզ հայտնում եմ, որ Տերն է քեզ համար տուն կառուցելու։
11 Երբ քո օրերը լրանան, և դու գնաս քո հայրերի մոտ, այն ժամանակ քեզանից հետո եկող քո սերնդին, որ քո որդիներից կլինի, պիտի բարձրացնեմ և հաստատեմ նրա թագավորությունը։
12 Նա ինձ համար տուն պիտի շինի, և ես նրա գահը հավիտյան պիտի հաստատեմ։
13 Ես նրան հայր պիտի լինեմ, և նա ինձ որդի պիտի լինի։ Իմ ողորմությունը նրանից ետ չեմ քաշելու, ինչպես որ ետ քաշեցի նրանից, որը քեզնից առաջ էր։
14 Ես նրան ընդմիշտ պիտի հաստատեմ իմ տանն ու իմ թագավորության մեջ, և նրա գահը հավիտյան պիտի լինի"”»։
15 Նաթանն այս բոլոր խոսքերը և այս ամբողջ տեսիլքը նույնությամբ պատմեց Դավթին։
16 Հետո Դավիթ թագավորը գնաց, նստեց Տիրոջ առաջ և ասաց. «Ո՞վ եմ ես, Տե՛ր Աստված, և ո՞րն է իմ տունը, որ ինձ բերեցիր մինչև այստեղ։
17 Սակայն այս էլ քիչ երևաց քո աչքերին, ո՛վ Աստված, և ահա դու խոսում ես քո ծառայի տան մասին գալիք ժամանակի համար։ Դու ինձ վրա նայեցիր, ինչպես բարձրաստիճան մի մարդու, Տե՛ր Աստված։
18 Էլ ի՞նչ ավելացնի քեզ Դավիթը ծառայիդ պատվելու համար. դու ճանաչում ես քո ծառային։
19 Ո՛վ Տեր, այս բոլոր մեծ բաներն արեցիր քո ծառայի համար և ըստ քո սրտի, որպեսզի հայտնես այս մեծագործությունները։
20 Ո՛վ Տեր, քեզ նմանը չկա, և քեզնից բացի այլ Աստված չկա՝ մեր ականջներով մեր բոլոր լսածների համաձայն։
21 Երկրի վրա կա՞ մի ազգ, որ նման լինի Իսրայելի քո ժողովրդին, որին Աստված ինքը գնաց փրկելու և նրան իր ժողովուրդը դարձնելու, որպեսզի դու մեծամեծ և զարհուրելի գործերով քեզ համար անուն հաստատես՝ ազգեր քշելով քո ժողովրդի առջևից, որին դու փրկեցիր Եգիպտոսից։
22 Իսրայելի քո ժողովրդին հավիտյան ժողովուրդ դարձրիր քեզ համար, և դու, ո՛վ Տեր, Աստված եղար նրանց համար։
23 Եվ այժմ, ո՛վ Տեր, այն խոսքը, որ դու ասել ես քո ծառայի և նրա տան մասին, թող հաստատվի հավիտյան. և արա՛, ինչպես որ ասել ես,
24 որպեսզի քո անունը հաստատ ու մեծ լինի հավիտյան, և որպեսզի ասեն. “Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, Աստված է Իսրայելի համար”, և քո ծառայի՝ Դավթի տունը թող կանգուն մնա քո առջև,
25 որովհետև դու, ո՛վ Աստված, քո ծառայի ականջին հայտնեցիր, թե իր համար տուն պիտի կառուցես, և դրա համար քո ծառան համարձակվեց այս աղոթքն անելու քո առջև։
26 Եվ հիմա, ո՛վ Տեր, դու ես Աստված, որ քո ծառայի համար խոսեցիր այս բարիքը։
27 Արդ, բարեհաճի՛ր օրհնել քո ծառայի տունը, որպեսզի այն հավիտյան լինի քո առաջ, որովհետև դո՛ւ օրհնեցիր, Տե՛ր, և նա օրհնյալ է հավիտյան»։